Միացյալ Նահանգները պատրաստվում է մասամբ տարհանել Իրաքում գտնվող իր դեսպանատան աշխատակիցներին, ինչպես նաև թույլատրել Մերձավոր Արևելքի մի շարք երկրներում տեղակայված ամերիկացի զինվորականների ընտանիքների անդամների ելքը այդ երկրներից։ Այս մասին չորեքշաբթի երեկոյան հայտնել են մի շարք լրատվամիջոցներ՝ հղում անելով Պենտագոնի և Պետդեպարտամենտի պաշտոնական աղբյուրներին, ինչպես նաև անանուն աղբյուրների, այդ թվում՝ Reuters գործակալությանը։
Ավելի ուշ Պետդեպարտամենտը հաստատել է ԱՄՆ-ի «դիվանագիտական ներկայության» կրճատման պլանները Իրաքում։
Միացյալ Նահանգների և Իրաքի աղբյուրները հայտնել են, որ Բաղդադում ԱՄՆ դեսպանատան մասամբ տարհանման նախապատրաստություններ են իրականացվում՝ կապված տարածաշրջանում անվտանգության սպառնալիքների աճի հետ։ Սպիտակ տունը նույնպես հաստատել է այս տեղեկատվությունը, առանց մանրամասներ հաղորդելու, թե անձնակազմի որքան մասը կլքի Իրաքը։
ԱՄՆ վարչակազմի անանուն պաշտոնյան նաև գործակալությանը հայտնել է, որ անվտանգության ներկայիս իրավիճակի կապակցությամբ պաշտպանության նախարար Փիթ Հեգսեթը թույլատրել է զինվորների հարազատներին լքել ԱՄՆ Կենտրոնական հրամանատարության պատասխանատվության գոտու մի շարք երկրներ։ Խոսքը, օրինակ, Քաթարի կամ Բահրեյնի մասին է։
Մեկնաբանները վերջին զարգացումները բացատրում են ԱՄՆ-ի և Իրանի միջև աճող լարվածությամբ՝ միջուկային համաձայնագրի շուրջ բանակցություններում առաջընթացի բացակայության ֆոնին:
Կիրակի օրը` հունիսի 15-ին Մասկատում նախատեսվում է անցկացնել Թեհրանի և Վաշինգտոնի միջև բանակցությունների վեցերորդ փուլը՝ Օմանի միջնորդությամբ:
Օմանի միջնորդությամբ Իրանը և Ամերիկայի Միացյալ Նահանգները անցկացրել են բանակցությունների հինգ փուլ՝ երեքը Մասկատում, երկուսը՝ Հռոմում։ ԱՄՆ-ը պնդում է, որ Իրանը պետք է լիովին դադարեցնի ուրանի հարստացման բոլոր գործողությունները: