Զինծառայության վերաբերյալ իշխանական պատգամավոր Հայկ Սարգսյանի օրինագիծը, որով առաջարկվում է գումարի դիմաց բանակում ավելի քիչ ժամկետով ծառայել, խորհրդարանի Պաշտպանության հանձնաժողովում շուրջ չորս ժամ քննարկումից հետո դրական եզրակացություն չստացավ:
«5-ը՝ կողմ , 4-ը՝ դեմ, մեկ ձեռնպահ. նախագիծը չի՛ անցել: Հարցը կքննարկենք լիագումար նիստերի ժամանակ: Այսինքն՝ ինքը ստացավ բացասական եզրակացություն», - հայտարարեց հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը:
Նախագծին կողմ էին «Քաղաքացիական պայմանագրի» 5 պատգամավորներ, դեմ՝ 4 ընդդիմադիրներ: Վճռորոշ դարձավ հանձնաժողովի ՔՊ-ական նախագահի ձայնը, ով ձեռնպահ քվեարկեց:
Մինչ քվեարկությունը Քոչարյանը հորդորում էր Սարգսյանին ետ վերցնել վիճահարույց նախագիծը և լրացուցիչ քննարկումներ կազմակերպել: Հայկ Սարգսյանը, մինչդեռ, հակադարձում էր՝ Քոչարյանը դեմ չի եղել իր նախագծին, ավելին՝ ողջունել է այն. - «Ես դրա մասին ասել եմ պարոն Քոչարյանին և նա շատ ուրախացել է և դրական է վերաբերվել դրան»: Քոչարյանն էլ հորդորում էր ներկաներին չհավատալ Սարգսյանին, պնդելով նա երևակայությունների գիրկն է ընկել»:
Այսօրվա նիստում Պաշտպանության հանձնաժողովի նախագահը չէր թաքցնում, որ դեմ է այդ նախագծին, պնդելով՝ քիչ ծառայելու այս օրինագիծը խտրականություն է առաջացնելու. - «Ի՞նչ, հետո գնանք Սահմանադրական դատարան ճշտե՞նք էդ: Ակնհայտ է, որ խտրականության խնդիր ա առաջանալու»:
Վիճահարույց օրինագծով իշխանական պատգամավոր Հայկ Սարգսյանն առաջարկում է 18-32 տարեկան քաղաքացիներին ծառայել մեկ ամիս ու վճարել 24 միլիոն դրամ, այսինքն՝ ավելի քան 60 հազար դոլար, և 4 ամիս ծառայության դեպքում վճարել 18 միլիոն դրամ՝ ավելի քան 47 հազար դոլար:
«Ակնկալում եմ, որ մեր գործընկերները կողմ կքվեարկեն Կառավարության կողմից դրական եզրակացություն ստացած և լայնորեն քննարկվող և նման կարևորության օրենքի նախագիծը, որպեսզի թույլ չտանք մեր բանակը գտնվի այն վիճակում, որ հիմա է գտնվում», - հայտարարեց Սարգսյանը:
Սակայն թե՛ ընդդիմադիր և թե՛ իշխանական պատգամավորները բազմաթիվ խնդիրներ են տեսնում այս օրինագծում, պնդելով, որ այն չի կրճատելու զինծառայությունից խուսափողների թիվը, ինչպես նաև արմատախիլ չի անի այս ոլորտում գոյություն ունեցող կոռուպցիան: Պատգամավորների համոզմամբ՝ օրինագծն ավելի է խորացնելու առկա խնդիրները:
«Ուսումնական զորամասում կան երեք ծառայող. մեկի պապան տվել ա 24 միլիոն՝ մի ամիս ա ծառայում, մեկի պապան տվել ա 18 միլիոն՝ 4 ամիս ա ծառայում, էն մեկի պապան չի կարացել տա՝ ու 24 ամիս պետք ա ծառայի: Դուք պատկերացնում ե՞ք զորամասում էդ երեք զինվորի փոխհարաբերությունը», - հայտարարեց «Հայաստան» խմբակցությունից Գեղամ Մանուկյանը:
«Այսինքն՝ էն մարդիկ, ովքեր ամսեկան 100 հազար են ստանում, էդ մարդիկ կարողանալու ե՞ն օգտվել, պարոն Սարգսյան, չե՛ն կարողանալու բոլորն օգտվել: ... Եվ օբյեկտիվորեն դառնալու է սա հակասահմանադրական, որովհետև մարդկանց մի խումբը կարողանալու է՝ ելնելով իր կարողություններից, իր գույքային դրությունից, սոցիալական կարգավիճակից, մյուս մասը ակնհայտորեն չի կարողանալու, մի մասն էլ ընկնելու ա վարկերի տակ, տարբեր գրավներ ա դնելու, մինչև վերջին գումարը ծախսելու ա, փորձելու ա իրա երեխային, այո, ապահովագրել այնպես, ինչպես ավելի բարձր գույքային դրություն ունեցող մարդիկ կանեին», - հայտարարեց ընդդիմադիր նույն խմբակցությունից Աննա Գրիգորյանը:
Օրինագծի հեղինակը, մինչդեռ, պնդում է՝ հանրությունը կողմ է, որ 24 միլիոնով մեկ ամիս ծառայելու հնարավորություն տրվի, դա, ըստ պատգամավորի, պարզել են հարցումների միջոցով: Հարցումը պատվիրել է վարչապետի աշխատակազմը՝ Նիկոլ Փաշինյանի հանձնարարականով: Իշխանական պատգամավորը պնդում է՝ դրսում ապրող Հայաստանի քաղաքացիները ևս հետաքրքրված են ավելի քան 60 հազար դոլարի դիմաց մեկ ամիս բանակում ծառայելու հնարավորությամբ;
«Ես բազմաթիվ զանգեր եմ ստանում մեր քաղաքացիներից, ովքեր ոգևորված են այս օրենսդրական նախաձեռնությամբ», - վստահեցրեց Հայկ Սարգսյանը:
Ի դեպ, պատգամավորները նկատում էին, որ օրինագիծը մի շարք բացեր ունի: Օրինակ՝ պարզ չէ, թե, ի վերջո, 60 հազար դոլարով մեկ ամիս ծառայելու հնարավորությունից քանի՞ անձ կարող է օգտվել:
Այսօրվա քննարկմանը մասնակցող պաշտպանության փոխնախարար Արման Սարգսյանն այս հարցի պատասխանը չուներ, միայն նշեց, որ նախարարությունը մտադիր է քվոտա սահմանել այս օրինագծից օգտվողների համար, այսինքն՝ Կառավարության որոշմամբ ֆիքսվելու է դիմումների առավելագույն քանակը: Այս դեպքում էլ պարզ չէ՝ եթե տեղերը սահմանափակ են, ինչպե՞ս են ընտրվելու քաղաքացիները, ո՞ւմ է տրվելու առաջնահերթություն, և այլն:
Իշխանական պատգամավոր Քրիստինե Պողոսյանը թեև կողմ քվեարկողների մեջ էր, բայց պնդում էր՝ սա խորը անարդարություն է առաջացնելու հանրության շրջանում:
«Գործընկերոջս՝ Հայկի նախագծի հետ անհամերաշխ եմ և խնդիրներ եմ տեսնում, Կառավարության առաջարկած քվոտարման հետ կտրականապես դեմ եմ, որովհետև դա ոչ միայն անարդարություն, դա խորը անարդարություն և անհավասարություն, բազմաթիվ վեճերի, բողոքարկումների և լուրջ խնդիրների արդյունք ա բերելու», - հայտարարեց Պողոսյանը:
Ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանն էլ պնդեց՝ փողով մեկ ամիս ծառայողների համար սահմանափակ տեղեր հատկացնելով՝ մեծացնելու են կոռուպցիոն ռիսկերը. - «Էդտեղ շատ մեծ կոռուպցիոն ես սխեմաներ եմ տեսնում: Մինչև հիմա, դուք հասկանում ե՞ք, օրենքի նախագիծը քննարկվում ա, դուք տենց էլ չեք ասում, թե էդ մեխանիզմը ո՞նց ա լինելու, մարդիկ ո՞նց են ընտրվելու: Ասում եք՝ կարող ա ուսանողների մի խումբ լինի, չգիտեմ ինչ լինի, դուք էլ նույնիսկ պատկերացում չունեք»:
Գրիգորյանը նաև հարցնում էր, թե ինչո՞ւ Պաշտպանության նախարարությունը փոխեց իր դիրքորոշումը՝ ի վերջո, ռազմական գերատեսչությունը մշտապես դեմ էր արտահայտվում այս օրինագծին:
Թե՛ ընդդիմադիր և թե՛ իշխանական գործընկերներին համոզելու համար օրինագծի հեղինակն այսօր հանձնաժողով էր բերել մի մեծ գրատախտակ, որտեղ գրում էր, թե քանի քաղաքացի է խուսափել զինծառայությունից: Չնայած պաշտպանության փոխնախարարի առարկությանը՝ պատգամավորը տեղեկացրեց, որ 2022-23 թվականներին 30 հազար զորակոչիկներից 20 հազարը չի ծառայել, այսինքն՝ մոտ 70 տոկոսը չի զորակոչվել, նրանցից 80 տոկոսը՝ առողջական խնդիրների պատճառով, 4 տոկոսն ուղղակի խուսափել են ծառայությունից, 2 հազարն էլ հրաժարվել են Հայաստանի քաղաքացիությունից:
Ինչ վերաբերում է դիտարկմանը, թե նախագծով անարդարություն է առաջացնում, պատգամավորը հակադարձեց՝ այդ անարդարությունն այսօր էլ կա:
«Եվ ունենք ևս մի գործընկեր, ում դասարանում միայն իր որդին է զորակոչվելու և ևս մեկը, իսկ մնացած 12 տղաները կա՛մ Հայաստանի քաղաքացի չեն, կա՛մ արդեն իրենց հարցերը ուրիշ ճանապարհով լուծել են», - ասաց Հայկ Սարգսյանը:
Ի դեպ, պատգամավորը այլ մտահոգիչ վիճակագրություն էլ ներկայացրեց. 2008-ին ծնված՝ զորակոչի ենթակա տղաների 7 տոկոսը, որը հաջորդ տարի պետք է զորակոչվի, այլևս Հայաստանի քաղաքացի չէ, 2009-ին ծնվածների 8 տոկոսն է հրաժարվել արդեն Հայաստանի քաղաքացիությունից: Նաև այս նպատակով է պատգամավորն առաջարկում Հայաստանի քաղաքացիությունից հրաժարվելու համար սահմանել 15 միլիոն դրամի տուրք:
Չնայած քննադատություններին և Պաշտպանության հանձնաժողովում ստացած բացասական եզրակացությանը, իշխանական պատգամավոր Հայկ Սարգսյանն իր հեղինակած նախագիծը հետ չի քաշելու և փորձելու է այն ընդգրկել հաջորդ շաբաթ մեկնարկող քառօրյայի օրակարգ:
Կընդգրկվի, թե ոչ՝ կորոշվի լիագումար նիստում՝ հունիսի 17-ին պատգամավորների քվեարկությամբ: