Ապօրինի ներգաղթյալների դեմ իրավապահների գործողություններից հետո Լոս Անջելեսում արդեն երեք օր է՝ ցույցեր են: Իրավիճակը գիշերը հանդարտվել է, սակայն ակնկալվում էր, որ առավոտյան ցույցերը կվերսկսվեն:
Բողոքի ակցիաները սկսվեցին, երբ ԱՄՆ ներգաղթի և մաքսային ծառայության աշխատակիցները մի քանի շրջանում ռեյդեր անցկացրին և, ըստ լրատվամիջոցների, տասնյակ մարդկանց ձերբակալեցին, որպեսզի վտարեն երկրից:
Ցույցերն ուղեկցվում էին իրավապահների հետ բախումներով, ոստիկաններն արցունքաբեր գազ և ռետինե փամփուշտներ են կիրառել ցուցարարներին ցրելու համար, կան բերման ենթարկվածներ և տուժածներ, նրանցից երկուսը՝ լրագրողներ, այրվել են ավտոմեքենաներ, թալանվել խանութներ: Ոստիկանությունը քաղաքի կենտրոնը հայտարարել է «անօրինական հավաքների» վայր՝ ցուցարարներին կոչ անելով հեռանալ տարածքից։
ԱՄՆ նախագահի հրամանագրով Լոս Անջելեսում Ազգային գվարդիայի զինվորներ են տեղակայվել: Դոնալդ Թրամփը, որն ընտրվելուց առաջ հայտարարել էր, որ լուրջ պայքար կմղի ապօրինի ներգաղթյալների դեմ, ասել է, որ ծովային հետևակի առնվազն 500 զինվոր պատրաստ սպասում է հրահանգի: Նա սպառնացել է, որ անհրաժեշտության դեպքում նրանց նույնպես գործի կդնեն և ամեն ինչ կանեն կարգուկանոն հաստատելու համար:
«Մենք զորք ենք տեղակայելու ամենուր.... Թույլ չենք տա, որ մեր երկիրը մաս-մաս անեն, ինչպես Բայդենի օրոք էր: Եթե վտանգ տեսնենք մեր երկրի և քաղաքացիների համար, շատ խիստ միջոցների կդիմենք կարգուկանոն հաստատելու համար», - հայտարարել է ԱՄՆ նախագահը:
Կալիֆոռնիայի նահանգապետ, դեմոկրատ Գևին Նյուսոմն ասել է, որ Ազգային գվարդիայի տեղակայումն է՛լ ավելի է սրում իրավիճակը: Սոցցանցում նա գրել է, որ Թրամփը սպառնում է ծովային հետևակ տեղակայել նույնիսկ այն ժամանակ, երբ ոստիկանությունը վերահսկողության տակ է վերցրել իրավիճակը: «Լոս Անջելես, մնացե՛ք խաղաղ։ Մի՛ ընկեք այն թակարդը, որը լարել են ծայրահեղականները»,- գրել է նա։
Նահանգապետը, արձագանքելով իշխանությունների սպառնալիքներին, որ կձերբակալեն իրեն՝ իրավապահների գործողություններին ընդդիմանալու համար, ասել է, որ դրանով իրեն չեն վախեցնի: Նյուսոմը լոսանջելեսցիներին կոչ է արել բռնության չդիմել և չընկնել իշխանությունների լարած թակարդը: MSNBC-ին տված հարցազրույցում էլ նա խոստացել է դատի տալ Թրամփի վարչակազմին:
«Դոնալդ Թրամփն է ստեղծել այն պայմանները, որ այսօր տեսնում եք հեռուստատեսությամբ։ Նա սրել է իրավիճակը ... նա յուղ է լցնում կրակին ... Դա հակասահմանադրական, անբարո գործողություն է, և մենք վաղը կստուգենք դա դատական հայցով», - հայտարարել է նահանգապետը:
Սպիտակ տան խոսնակը Նյուսոմին մեղադրել է ցույցերին համարժեք չարձագանքելու մեջ: Քերոլայն Լիվիտը սոցցանցում գրել է, որ նահանգապետը ոչինչ չի արել օրեր շարունակ բռնությամբ ուղեկցվող անկարգությունները սանձելու համար։ Ապա հավելել է, որ Նյուսոմը «չափազանց թույլ է եղել քաղաքը պաշտպանելու հարցում»։
Լոս Անջելեսի ոստիկանապետ Ջիմ Մաքդոնելն, իր հերթին, հայտարարել է, որ Ազգայն գվարդիայի կարիքը չկար, իրենք կարող էին սեփական ուժերով հսկողության տակ պահել իրավիճակը:
«Բռնությունը, որին ականատես եմ եղել, զզվելի է։ Այն սրվել է իրադարձությունների սկսվելուց հետո։ Այն, ինչ տեսանք առաջին գիշերը, վատ էր.... դրանից հետո իրավիճակը վատանում է և ավելի բռնի դրսևորումներ ստանում», - նշել է Մաքդոնելը։
Լոս Անջելեսի քաղաքապետը ևս քննադատել է Ազգային գվարդիան տեղակայելու Թրամփի որոշումը: Քերըն Բասը նշել է, որ մարդիկ իրավունք ունեն խաղաղ ցույցեր անել: Ըստ նրա՝ քայլեր են ձեռնարկում կարգուկանոն հաստատելու համար, սակայն նախագահի վարչակազմը քաոս է հրահրում իր գործողություններով:
«Երբ դուք գրոհում եք մարդկանց աշխատավայրերը, ծնողներին ու երեխաներին բաժանում իրարից, երբ զրահապատ մեքենաների շարասյուներ են անցնում մեր փողոցներով, դուք վախ և խուճապ եք առաջացնում։ Եվ դաշնային զորքեր տեղակայելը վտանգավոր էսկալացիա է։ Սակայն հիմա ամենակարևորն այն է, որ մեր քաղաքը խաղաղ լինի», - ասել է Լոս Անջելեսի քաղաքապետը։
Ցուցարարներից Ալեքսան ասում է, որ իրավապահներն անհամաչափ ուժ են գործադրում, քանզի մարդկանց մեծ մասը պարզապես խաղաղ ակցիա է անում և ցանկանում է, որ իր ձայնը լսելի լինի:
«Մենք պարզապես փորձում ենք բարձրաձայնել մեր ասելիքը.... բայց բռնություն չի եղել, և մեզ վրա կրակել են ռետինե փամփուշտներով՝ շատ անհամաչափ ուժ է կիրառվում, ինչի կարիքը չկա», - ընդգծել է նա:
Մեկ այլ ցուցարար էլ ասում է, որ իրավապահների գործելաոճը շատ սխալ է, մարդկանց հանում են իրենց տներից, աշխատատեղերից, ընտանիքներին բաժանում իրարից: Բրիթնին ասում է, որ չի ցանկացել համացանցով հետևել իրադարձություններին, հետևաբար եկել է, որ անձամբ մասնակցի ցույցերին և իր աջակցությունը հայտնի. - «Ես այստեղ եմ ծնվել և մեծացել, բայց ընտանիքիս անդամներից շատերը ներգաղթյալներ են: Կարծում եմ, որ արդար չէ, որ նրանք պարզապես մարդկանց այստեղից դուրս են հանում, ընտանիքների են բաժանում իրարից»:
Իրավապահների գործողությունների ֆոնին Գլենդեյլ քաղաքը հայտարարել է, որ խզում է իր պայմանագիրը ԱՄՆ ներքին անվտանգության նախարարության և Մաքսային ծառայության հետ: