Մատչելիության հղումներ

Իսրայելական ուժերը զավթել են Գազա ուղևորվող մարդասիրական նավը


Իսրայելցի զինվորը սնունդ է փոխանցում ակտիվիստ Գրետա Թունբերգին, 9-ը հունիսի, 2025թ.
Իսրայելցի զինվորը սնունդ է փոխանցում ակտիվիստ Գրետա Թունբերգին, 9-ը հունիսի, 2025թ.

Իսրայելական ուժերը զավթել են միջազգային մարդասիրական աջակցությունից գրեթե ամբողջությամբ զրկված ու սովի վտանգի առաջ կանգնած Գազա ուղևորվող մարդասիրական նավը։ «Մադլին» անունով բրիտանական զբոսանավի անդամները հումանիտար օգնություն էին հասցում տեղացիներին` միջազգային հանրության ուշադրությունը հրավիրելու ամիսներ ձգվող Գազայի հումանիտար ճգնաժամի վրա։

Բրիտանական դրոշի ներքո նավարկող զբոսանավի անձնակազմում է եղել նաև շվեդ բնապահպան ակտիվիստ Գրետա Թունբերգը: Ակտիվիստները նավից տեսաուղերձներ են հրապարակել՝ իսրայելական ուժերի քայլը որակելով առևանգում։ Նրանք Գազայի շրջափակումն ու Իսրայելի բանակի ռազմական գործողությունները ցեղասպանություն են անվանում։

«Եթե դուք տեսնում եք այս տեսանյութը, նշանակում է՝ մեզ կանգնեցրել և առևանգել են միջազգային ջրերում Իսրայելի օկուպացիոն ուժերը կամ Իսրայլին աջակցող ուժերը։ Ես կոչ եմ անում իմ բոլոր ընկերներին, ընտանիքին և պայքարի ընկերներին ճնշում գործադրել Շվեդիայի կառավարության վրա՝ ինձ և մնացածներին հնարավորինս արագ ազատելու համար», - հայտարարում է Թունբերգը:

«Այժմ գտնվում եմ Գազա ուղևորվող հումանիտար նավում։ Եթե դուք տեսնում եք այս տեսանյութը, նշանակում է՝ մեզ կանգնեցրել է իսրայելական բանակը կամ նրանց հանցակից դաշնակիցները։ Մենք հույս ունենք ձեր ակտիվության վրա՝ Ֆրանսիայի կառավարության վրա ճնշում գործադրելու համար՝ մեր ազատությունն ապահովելու նպատակով», - ասում է ֆրանսիացի ակտիվիստ Ռիմա Հասսանը:

«Ես դիմում եմ իմ համախոհներին, ընկերներին և ընտանիքի անդամներին՝ ճնշում գործադրել Գերմանիայի կառավարության վրա և հնարավորինս շուտ պահանջել իմ ազատ արձակումը», - ասում է գերմանացի ակտիվիստ Յասեմին Աջարին:

Իսրայելի պաշտպանության նախարար Իսրայել Կացը դեռ կիրակի օրն էր հրահանգել էր զինված ուժերին թույլ չտալ «Մադլին» զբոսանավին հասնել Գազայի ափ՝ այս նախաձեռնությունն անվանելով «Համաս»-ի օգտին ուղղված քարոզչական փորձ»:

Նավատորմի անձնակազմի անդամները հայտնել են, որ նավը գրոհի է ենթարկվել գիշերը՝ մինչ իրենք փորձել էին ափ հասնել։ Նրանք մինչ այդ տախտակամածին սպիտակ տարօրինակ նյութ են նկատել՝ չհասկանալով, թե դա ինչ է։

«Մենք չգիտենք՝ դա ինչ է։ Չգիտենք՝ գո՞ւյն է, թե՞ քիմիական նյութ, ուղղակի անհայտ է։ Բայց խնդրում ենք ահազանգել։ Ասացին՝ կկանգնեցնեն մեզ շատ հանգիստ, բայց դա տեղի չի ունենում։ Հենց հիմա ևս մեկ պատերազմի հանցագործություն է նախապատրաստվում», - հայտարարել է անձնակազմի կին անդամներից մեկը։

Թե ինչ նյութ են օգտագործել ենթադրաբար Իսրայելի ռազմածովային ուժերը, հայտնի չէ։

Իսրայելի արտաքին գործերի նախարարությունն ավելի ուշ հաստատել է, որ նավը գտնվում է իրենց վերահսկողության տակ։ Նախարարությունը X-ում հեգնանքով գրել է, թե նավի 12-հոգանոց անձնակազմի անդամները կուղևորվեն սեփական երկրներ. - «Հայտնիության «սելֆի յախտան» ապահով ուղևորվում է Իսրայելի ափեր։ Ուղևորները կվերադառնան իրենց երկրներ»։

Ըստ Իսրայեյլի արտագործնախարարության՝ բոլոր ուղևորները անվտանգ են և առողջ․ նրանց տրամադրվել է ջուր և սենդվիչներ։ «Ներկայացումն ավարտված է»,- հայտարարել են պաշտոնական Թել Ավիվից, պնդելով, թե նավում եղած օգնությունը կփոխանցվի Գազա՝ իրական մարդասիրական ուղիներով։

12-հոգանոց անձակազմով բրիտանական նավում փոքր քանակությամբ մարդասիրական օգնություն է եղել, այդ թվում՝ բրինձ և մանկական կեր։

«Համաս»-ն, իր հերթին, նավի բռնագրավումը կոչել է «պետական ահաբեկչություն»։ Իսրայելական ուժերի քայլը քննադատել են մի շարք երկրների, այդ թվում՝ Մեծ Բրիտանիայի և Թուրքիայի իշխանությունները։

Մարտից Գազան շրջափկված է, իսրայելական կողմը թույլատրում է միայն սահմանափակ քանակությամբ սննդամթերքի մատակարարումը։ Իսրայելը հայտարարել է, թե Գազայում ռազմական գործողություններ է իրականացնում ԱՄՆ-ի և Եվրոպայի կողմից ահաբեկչական ճանաչված «Համաս» խմբավորման դեմ, նպատակն ամբողջ անկլավի նկատմամբ լիակատար վերահսկողություն սահմանելն է: Ռազմական գործողությունների հետևանքով ավելի քան 54 հազար մարդ է սպանվել, ըստ պաղեստինյան իշխանությունների՝ խաղաղ բնակիչներ, մեծամասամբ՝ երեխաներ ու կանայք։ Անցած օրը բարեգործական կենտրոններից մեկի մոտ իսրայելական կրակոցներից 4 մարդ էր սպանվել, մի քանիսը՝ վիրավորվել։


XS
SM
MD
LG