Մատչելիության հղումներ

Գենսեր. «Չկա գեթ մի իրավունք, որ Ադրբեջանը չի խախտել հայ ռազմագերիների նկատմամբ»


Մինչ Ադրբեջանի ռազմական դատարանում որպես վկա ու տուժող ներկայացվող անձինք իրար հերթ չտալով ցուցմունքներ են տալիս Արցախի կալանավորված ռազմաքաղաքական ղեկավարների դեմ, նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի միջազգային փաստաբան Ջարեդ Գենսերը համոզված է՝ դատարանն արդեն ունի իր վճիռները: Ընդ որում, հայտնի իրավապաշտպանի խոսքով, չկա գեթ մի իրավունք, որ Ադրբեջանը չի խախտել հայ ռազմագերիների նկատմամբ:

«Գործերը քննվում են ռազմական դատարանում, բայց միջազգային իրավունքի համաձայն՝ քաղաքացիական անձը չպետք է դատվի ռազմական դատարանում։ Սա միջազգային իրավունքի համաձայն անօրինական է, որովհետև ռազմական դատավորը և դատախազները անկախ և անաչառ չեն։ Նրանք հաշվետու են գլխավոր հրամանատարին, որն այս դեպքում, իհարկե, նախագահ Ալիևն է։ Այսպիսով՝ արդյունքը նախապես որոշված է։
Ռուբենը կդատապարտվի, մյուսները ևս։ Վերջին հաշվով, սա ավելի շատ քաղաքական հարց է, կարևոր է հիմա հասկանալ՝ ինչպե՞ս բանտից դուրս հանել բռնապետների կողմից կալանավորված քաղբանտարկյալներին», - «Ազատությանը» տված հարցազրույցում ասաց Գենսերը:

Արցախում ընդամենը երեքուկես ամիս պաշտոնավարած ու երբևէ ռազմական ոլորտը չհամակարգած Ռուբեն Վարդանյանը մեղադրվում է չորս տասնյակից ավելի հոդվածներով՝ ահաբեկչությունից, վարձկանությունից, պատերազմ կազմակերպելուց մինչև զանգվածային սպանություններ։ Նրան մինչև ցմահ ազատազրկում է սպառնում Բաքվում։ Բանտային վատ պայմաններ, հացադուլներից հետո հյուծված մարդուն այլևս Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչները չեն այցելում, ինչը, փաստաբանի խոսքով, է՛լ ավելի է մեծացնում անհանգստությունը։ Միջազգային կառույցի հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչ Զառա Ամատունին ավելի վաղ «Ազատությանը» ասել էր, որ վերջին անգամ մարտին են տեսակցել Բաքվի բանտերում պահվող հայ գերիներին։ Ամիսներ առաջ Ադրբեջանը հայտնել էր իր տարածքում Կարմիր Խաչի գրասենյակը փակելու մտադրության մասին:

«Ալիևը բավականին հստակորեն ձգտում էր 200 հազար մարդկանց՝ հայ քրիստոնյա բնակչությանը, վտարել էթնիկ զտման միջոցով։ Եվ սա, կարծես, քարոզարշավի սկիզբն էր։ Նա նաև, իհարկե, հետապնդեց Ռուբենի նման շատ նախկին ղեկավարների, ստիպեց, որ կառավարությունն ինքը իրեն լուծարի, այլևս գոյություն չունենա։ Եվ այս ամենը երկարատև ծրագրի մի մասն էր, որ մտադիր էր իրականացնել։ Այսպիսով, Ռուբենի և մյուսների դեմ մեղադրանքները քաղաքական դրդապատճառներ ունեն», - ընդգծեց Գենսերը:

Արդյոք Ռուբեն Վարդանյանի և Լեռնային Ղարաբաղի մյուս ղեկավարների դատավարությունը ազգերի ինքնորոշման իրավունքի իրացումը քրեականացնելու կամ գուցե հայ- ադրբեջանական հակամարտությունը վերաշարադրելու փորձ է։ Փաստաբանի խոսքով՝ սա Ալիևի կողմից իրականացված ընդհանուր և հետևողական ծրագրի անբաժանելի մասն է։ Այն ներառում էր էթնիկ զտումներ, Լեռնային Ղարաբաղի կառավարության կազմալուծում և բարձրաստիճան պաշտոնյաների բանտարկություն։

Ի պատասխան «Ազատության» դիտարկման, որ միջազգային հանրությունը տեղեկացված է այս մասին, և արդյոք որևէ կոնկրետ, շոշափելի արձագանք հնչել է մինչև օրս, Ջարեդ Գենսերը, շատ փակագծեր չբացելով, այնուամենայնիվ ակնարկեց, որ հուսադրող ուղերձներ կան Դոնալդ Թրամփի վարչակազմից. - «Եվ պետքարտուղար Ռուբիոն, անկասկած, կարևոր դեր է խաղալու այս գործընթացի առաջխաղացման և դրա հետագա ձգձգումը բացառելու հարցում»:

«Ուրեմն դեռ հույս կա», - սրան էլ միջազգային փաստաբանն արձագանքեց. - «Կա, անկեղծ ասած՝ ես հիմա ավելի շատ հույս եմ զգում, քան մի ժամանակ, քանի որ տեսնում եմ թե՛ հանրային ուղերձներում, թե՛ կուլիսներից իմ իմացածից, որ շատ հստակ առաջընթաց կա բազմաթիվ ուղղություններով: Եվ Ալիևը շատ հստակ հասկանում է, թե ինչ պետք է անի, և հասկանում է, որ հետևանքներ կլինեն, եթե նա առաջ չտանի այս գործընթացը»:

Այս օրերին Հայաստանում գտնվող իրավապաշտպանը վարչապետ Փաշինյանի հետ հանդիպում չի ունեցել, սակայն ընդգծեց՝ նախկինում բավականին բաց և քննադատաբար խոսել է Հայաստանի կառավարության ջանքերի բացակայության մասին։ Չնայած Հայաստանի իշխանություններն արդեն բացահայտել են, որ խաղաղության պայմանագրի համաձայնեցված տեքստում գերիների մասին դրույթ չկա, փաստաբանն, այդուհանդերձ, կարծում է, որ այս հարցը պետք է լինի խաղաղության գործընթացի մի մաս:

«Բայց հենց այդ խաղաղության համաձայնագիրը ստորագրվի, իմ հասկացողությամբ՝ այն ներառում է մի դրույթ, որն ասում է, որ երկու կողմերն էլ հետ կվերցնեն բոլոր հայցադիմումները միջազգային դատարաններից և այլևս չեն կարողանա բարձրացնել այդ հարցերը։ Սա նշանակում է, որ եթե գերիները չազատվեն մինչ այդ՝ համաձայնագրի կնքման հետ միաժամանակ, ապա նա ապագայում չի կարողանա բարձրացնել գերիների հարցը։ Սա նշանակում է, որ գերիները թակարդված կմնան Ադրբեջանում, իսկ Ալիևը կկարողանա անել այն, ինչ ուզում է», - նշեց Գենսերը:

«Այնպես որ, ես գիտեմ, որ մի շարք մարդիկ, ովքեր հանդիպել են Փաշինյանի հետ վերջին, ասենք, վեց ամսվա ընթացքում, նրան հասկացրել են, որ նախագահ Թրամփը շատ այլ դիրքորոշում ունի այս հարցերի վերաբերյալ, քան նախագահ Բայդենը։ Այսպիսով, վերջին հաշվով, գերիների վերաբերյալ գործարքը, հավանաբար, միայն Հայաստանի և Ադրբեջանի միջև չի լինելու։ Միացյալ Նահանգներն այստեղ կարևոր դեր է խաղալու։ Բայց մի բան ակնհայտ է, որ Փաշինյանը պետք է խրախուսի դրանում նախագահ Թրամփին, որպեսզի բոլոր գերիներն ազատ արձակվեն ․․․ կարծում եմ, որ դա այն է, ինչ նա պետք է անի և՛ հրապարակավ, և՛ մասնավոր կերպով», - հայտարարեց իրավապաշտպանը:

Սա իրավական գործընթաց չէ, սա քաղաքական գործընթաց է, «Ազատության» հետ զրույցի ողջ ընթացքում ընդգծում էր Ռուբեն Վարդանյանի միջազգային փաստաբանը՝ անելով մի նուրբ դիտարկում. - «Երբ նրա ընտանիքն ինձ աշխատանքի ընդունեց, Ռուբենից ստացա ուղերձ՝ պաշտպանել ոչ միայն իրեն, այլև բոլոր հայ գերիներին և ռազմագերիներին։ Ռուբենը, իհարկե, խորհրդանիշն է այն բանի, թե ինչ է կատարվում Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերություններում, այն բանի, թե ինչ է պատահել Արցախի ժողովրդի հետ` էթնիկ զտումների ժամանակ։ Ուր որ մենք գնացել ենք, նրա գործը որպես օրինակ ենք օգտագործել՝ խոսելով յուրաքանչյուրի մասին, որ բոլոր գերիները պետք է ազատ արձակվեն»։

Բաքվում այժմ 23 հայ է պահվում, ընթանում է նրանցից 16-ի դատավարությունը, մյուսների մեղադրական վճիռներն արդեն կայացված են:



Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG