Մատչելիության հղումներ

«Որոշ կաշառակերներ տակից-գլխից խոսում են». Փաշինյանն արձագանքում է Քոչարյանի կոռուպցիոն մեղադրանքներին


Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Կառավարության նիստի ժամանակ, արխիվ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Կառավարության նիստի ժամանակ, արխիվ

«Սրանց ճակատներին պետք է սենց տատու անել՝ կոռուպցիոն հանճարներ, և երկիրը սարքել են սենց կոռուպցիայի դրախտ», - շաբաթներ առաջ հայտարարել էր Հայաստանի երկրորդ նախագահը:

«Էլի, հազար ներողություն, դուրս են գալիս տակից-գլխից խոսում են, որոշ կաշառակերներ, և չասենք ում մասին ա խոսքը, չնայած բոլորս էլ հասկացանք, որ խոսքը Ռոբերտ Քոչարյանի մասին ա», - այսօր հայտարարեց Հայաստանի վարչապետը:

«Հայաստան» համահայկական հիմնադրամից անհետացած միլիոնավոր դոլարների վերաբերյալ Ռոբերտ Քոչարյանի կոռուպցիոն մեղադրանքներին Նիկոլ Փաշինյանը պատասխանեց երեք շաբաթ անց՝ Կառավարության այսօրվա նիստում:

Քոչարյանն անցած ամիս մի քանի լրատվամիջոցների տված հարցազրույցում պնդել էր, թե Փաշինյանը լրիվ նոր խոսք է ասել կոռուպցիոն ոլորտում: Փաշինյանին մեղադրելով բյուջեի գումարները փոշիացնելու համար, երկրորդ նախագահն իբրև փաստ մատնանշել էր, իր իսկ բնորոշմամբ, համահայկական հիմնադրամից 100 միլիոն դոլարի անհետացումը. - «Սա մոռացել են. հիմնադրամը համահայկական՝ 100 միլիոն դոլար հիմնադրամից փոխանցվել ա բյուջե և անհետացել, ուղղակի անհետացել ա»:

«Ես նկատեցի, որ ընդդիմության շարքերից էլի խոսում են, որ հիմնադրամի միջոցներից յուրացվել են, գողացվել են ... Խորհուրդը էդ հարցը քննարկել ա և էկել ա եզրակցության, որ ըտեղ թեմա չկա: Այսինքն՝ հիմնադրամի խորհուրդն ա հենց էկել էդ եզրակացության», - այսօր ասաց վարչապետը:

«Առցանցային ես մասնակցել եմ այդ նիստի, այն ժամանակ ես հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ էի: Ասում եմ՝ հաշվետվություն գոնե պիտի՞ ներկայացնի, ո՞ւր ա գնացել էդ փողերը, ասում էր՝ ինչի համար պետք էր, ծախսել ենք, վերջ: 100 միլիոն դոլարը եկել և անհետացել ա», - նշել էր Ռոբերտ Քոչարյանը:

Ի պատասխան իր հասցեին հնչող մեղադրանքներին՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Կառավարության այսօրվա նիստում հիշատակեց դեռևս 2021 թվականին խորհրդարանում այս հարցով ձևավորված հատուկ քննիչ հանձնաժողովը, որի ղեկավարը հենց Ռոբերտ Քոչարյանի առաջնորդած
«Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանն էր: Փաշինյանը հարցրեց՝ ո՞ւր է այդ հանձնաժողովը, որտե՞ղ է նրա եզրակացությունը, և ինչո՞ւ հանրությանը պարզաբանում չեն տալիս. - «Արծվիկ Մինասյանը չէ՞ր էդ բանի, քննիչ հանձնաժողովի ղեկավարը, ո՞ւր են, բա ո՞ւր ա իրանց զեկույցը: Թող մի հատ գրեն, ստորագրեն, որ գողացվել ա, մենք էլ էդ դեպքում կիմանանք ինչ անենք. սիրուն կդիմենք դատարան և նրանց կստիպենք հակառակը պնդել, ոչ թե կստիպենք, դե յուրե, որովհետև մենք գիտենք, թե ինչ ա տեղի ունեցել, և գիտենք, որ իրենց ասածը տեղի չի ունեցել: Բայց էլի եմ ասում՝ փաստը էն ա, որ կար քննիչ հանձնաժողով, հիմա, ես նայեցի, ոնց որ լուր չկա էդ հանձնաժողովից; Իրանք ասում էին՝ լծակներ, էս անենք, բացահայտենք, բա ինչի՞ չեն բացահայտում, թող բացահայտեն»:

Վարչապետը պնդումը, թե Համահայկական հիմնադրամից գումարների յուրացում տեղի չի ունեցել, Կառավարության նիստում փորձեց վերահաստատել Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը, ով վարչապետ Փաշինյանի հետ միասին «Հայաստան» համահայկական հիմնադրամի բարձրագույն ղեկավար մարմնի՝ հոգաբարձուների խորհրդի անդամ է:

«Պարոն վարչապետ, զեկուցելու բան չկա, այսինքն՝ թեմա չկա, ի սկզբանե դա եղել է կեղծ օրակարգ, փուչիկ», - ասաց Սինանյանը:

Կառավարությունն այդպես էլ որևէ հիմնավորում չի ներկայացրել՝ ինչի վրա է ծախսվել 100 միլիոն դոլարը. Արծվիկ Մինասյան

«Որևէ կոռուպցիոներ երբևէ ասել է՞, որ ինքը կոռուպցիայով է զբաղված». - «Հայաստան» համահայկական հիմնադրամի հավաքագրած և պետական բյուջե փոխանցված միջոցների օգտագործումը ուսումնասիրող քննիչ հանձնաժողովը ղեկավարած Արծվիկ Մինասյանը հակադարձում է Փաշինյանին՝ հանձնաժողովն աշխատանքները չի շարունակել և զեկույց չի կազմել, քանի որ այնտեղ մեծամասնություն կազմող «Քաղաքացիական պայմանագրի» պատգամավորները, ինչպես նաև Կառավարությունը ամեն ինչ արել են, որպեսզի խոչընդոտեն աշխատանքներին: Ըստ Մինասյանի՝ քանի որ ընդդիմությունը փոքրամասնություն էր հանձնաժողովում, իրենք շանս չունեին քվեարկություններով կոնկրետ որոշումներ ընդունել և բացահայտել իրականությունը:

«Ասենք, օրինակ, պաշտպանության կարիքների համար որոշակի միջոցներ են ծախսվել: Երբ որ մենք ասում ենք՝ «շատ լավ, էկեք այցելենք, գնանք տեսնենք, կամ թող ներկայացնեն փաստաթղթային հիմնավորումներ, որ այ էս նպատակների համար էր», միանգամից՝ «ոչ, դուք պարտավոր եք առաջնորդվել Կառավարության տված է՛ս տեղեկատվությամբ», բլոկավորում էին, չէին թողնում, որպեսզի առաջ գնա», - «Ազատության» հետ զրույցում ասաց Արծվիկ Մինասյանը:

«Ներկայացվե՞լ է Կառավարության կողմից ինչ-որ ցուցակ, որ «այ, 100 միլիոնը մենք սրանց վրա ենք ծախսել», ամբողջական ցուցակ», - այս հարցին ընդդիմադիր պատգամավորն արձագանքեց. - «Ներկայացվել է շուրջ մեկ տասնյակ ծրագիր, բայց երբ որ հարցնում ենք, պահանջում ենք, ասում ենք՝ «տվեք կապը այ էս ծրագրերի և հիմնադրամի միջոցների», չկա կապ ... Չկա, էդ կապը չկա»:

«Հայաստան» խմբակցության քարտուղարն ընդգծում է՝ Կառավարությունն այդպես էլ որևէ հիմնավորում չի ներկայացրել՝ ինչի վրա է ծախսվել 100 միլիոն դոլարը: Արդյունքում, այն կասկածները, որ միլիոնավոր դոլարները ծախսվել են բոլորովին այլ նպատակներով, շարունակում են մնալ:

«Շատ հնարավոր է՝ պարգևատրումների վրա են գնացել, շատ հնարավոր է՝ կեղծ գնումների վրա են գնացել, ասենք, օրինակ, իբր թե պաշտպանության նպատակով ինչ-որ բան են ձեռք բերում, ոչ ձեռքբերում են արել, ոչ դրանք օգտագործել են պատերազմի ժամանակ, այլ որոշակի մարդիկ հավանաբար հարստացել են», - ասաց Մինասյանը:

Ինչո՞ւ, ամեն դեպքում, խորհրդարանական քննիչ հանձնաժողովն իր զեկույցը չի հրապարակել: Արծվիկ Մինասյանն ասում է՝ զեկույցի հաստատման համար դարձյալ անհրաժեշտ էր մեծասնություն կազմող ՔՊ պատգամավորների համաձայնությունը: Իսկ ինչո՞ւ հանձնաժողովի չորս ընդդիմադիր անդամները հանրությանը չեն ներկայացրել այն ամենը, ինչ իրենց հաջողվել է պարզել այդ ընթացքում: Դաշնակցական պատգամավորն ասում է՝ «Հայաստան» համահայկական հիմնադրամին չվնասելու համար:

Թե ուր է անհետացել համահայկական հիմնադրամի 100 միլիոն դոլարը, ընդդիմադիր պատգամավորի համոզմամբ, կարող է բացահայտվել միմիայն իշխանափոխությունից հետո: Փաշինյանի իշխանության օրոք, ըստ «Հայաստան» խմբակցության քարտուղարի, օբյեկտիվ քննություն հնարավոր չէ իրականացնել:


Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG