Մատչելիության հղումներ

Ճամբարակի պայթյունից տուժածներից մեկի կյանքը չի հաջողվել փրկել. ԱՆ


Ճամբարակի պայթյունի հետևանքով Երևան տեղափոխված երեք տուժածներից մեկի կյանքը չի հաջողվել փրկել, «Ազատությանը» հայտնեց առողջապահության նախարարի մամուլի քարտուղար Մարիամ Ծատրյանը: Նրա տարիքը այս պահին չի հստակեցվում:

Երևանյան բժշկական հաստատությունում բուժվող տուժածներից մյուս երկուսի վիճակը գնահատվում է միջին ծանրության, նրանք բժիշկների վերահսկողության տակ են:

ԱՆ խոսնակի փոխանցմամբ՝ Ճամբարակի ԲԿ-ում բուժօգնություն ստացող 7 տուժածներից 3-ը առավոտյան դուրս են գրվել, 4-ը շարունակում են բուժօգնություն ստանալ: Նրանց վիճակը գնահատվում է բավարար:

Գեղարքունիքի մարզի Ճամբարակ բնակավայրի բնակելի շենքում հունիսի 11-ին տեղի ունեցած պայթյունի հետևանքով 5 մարդ զոհվել է, 11-ը՝ վիրավորվել:

Պայթյունի պատճառները դեռ հստակ չեն: Առավելապես տուժել են չորս հարկանի շենքի կողային հատվածի վերջին հարկերի բնակարանները:

Քննչական կոմիտեն քրեական վարույթ է նախաձեռնել՝ Քրեական օրենսգրքի 412-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի հատկանիշներով (անվտանգության պահանջներին չհամապատասխանող հումքերի կամ ապրանքների շրջանառությունը, աշխատանքների կատարումը կամ ծառայությունների մատուցումը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ, առողջությանը ծանր վնասի պատճառում կամ այլ ծանր հետևանք):

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG