Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Ալեն Բերսեն հունիսի 11-12-ը կայցելի Հայաստան։ Նա կհանդիպի Հայաստանի նախագահի, վարչապետի, Ազգային ժողովի նախագահի և արդարադատության նախարարի հետ, հայտնում են Եվրոպայի խորհրդից:
«Այցը տեղի է ունենում Հարավային Կովկասի համար վճռորոշ պահին։ Գլխավոր քարտուղարը հերթական անգամ կհաստատի, որ Եվրոպայի խորհուրդը աջակցում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի շուտափույթ ստորագրմանը», - նշված է հաղորդագրության մեջ։
Եվրախորհրդի աջակցության մասին Բերսեն ասել էր վարչապետ Նիկոլ Փաշինյանին և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին մայիսին Տիրանայում տեղի ունեցած Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի ժամանակ՝ ընդգծելով․ «Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցությունները հսկայական նշանակություն ունեն։ Մենք պետք է համատեղ աշխատենք՝ կայունության ապահովման լավագույն լուծումներն ընդունելու համար»։
Քանի որ 2026 թվականի գարնանը Հայաստանը հյուրընկալելու է Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովը, քննարկումներում ուշադրության կենտրոնում կլինի նաև այն, թե ինչպես կարող է «Եվրոպայի խորհուրդը նպաստել տարածաշրջանի դերի ամրապնդմանը Եվրոպայի ժողովրդավարական անվտանգության ձևավորվող ճարտարապետության մեջ»: