Թեհրանը հայտարարում է, թե բարեկամ երկրներից մեկից նախազգուշացում է ստացել, որ Իսրայելը մոտալուտ հարձակում է պատրաստում Իրանի վրա։ Արևմտյան մի շարք հեղինակավոր լրատվամիջոցներ էլ հաղորդում են, թե այդ մասին Իսրայելը տեղյակ է պահել նաև ամերիկացի բարձրաստիճան պաշտոնյաներին։
Ըստ Երուսաղեմում գտնվող աղբյուրների, ապրիլի վերջից սկսած՝ վարչապետ Բենյամին Նեթանյահուն, պաշտպանության նախարար Իսրայել Կացը՝ Իսրայելի բանակի հրամանատարներից մեկի հետ, մի քանի խորհրդակցություն են անցկացրել, որոնց ընթացքում և ի հայտ է եկել Իրանին հարված հասցնելու այս ծրագիրը, հաղորդում է BBC-ն։
Այս ֆոնին Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետը առավոտից հրահանգեց լայնածավալ զորավարժություններ սկսել՝ «պաշտպանությունն ամրապնդելու և թշնամու շարժին հետևելու համար»։ Երկրի ամենաազդեցիկ ուժային կառույցի՝ «Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի» հրամանատար գեներալ Հոսեյն Սալամին էլ պնդեց՝ Թեհրանը պատրաստ է իրադարձությունների զարգացման ցանկացած սցենարի։
«Հակառակորդը մեզ սպառնում է ռազմական գործողություններով։ Մենք, սակայն, պատրաստ ենք ցանկացած սցենարի և ցանկացած մակարդակի պատերազմի։ Ես կոչ եմ անում մեր թշնամիներին շատ մանրակրկիտ կերպով մտածել հետևանքների մասին։ Այս անգամ Իսրայելի ցանկացած ագրեսիայի Իրանի պատասխանը կլինի ավելի ուժգին և կործանարար, քան նախորդ հարձակումների ժամանակ», - հայտարարեց Սալամին:
Ամերիկյան լրատվամիջոցները հաղորդում են՝ Վաշինգտոնում մտավախություն ունեն, որ Իսրայելի այս հարձակմանն ի պատասխան Իրանը կարող է թիրախավորել հարևան երկրներում գտնվող ամերիկյան ռազմական օբյեկտները, ինչի մասին, փաստացի, երեկ հայտարարել էր նաև Իրանի պաշտպանության նախարարը։ Ազիզ Նասիրզադեն ընդգծել էր՝ Թեհրանն այնպիսի սպառազինություն ունի, որը կարող է ծանր կորուստներ պատճառել ամերիկացիներին։ Ըստ CBS-ի, նաև այս պատճառով է Պետդեպարտամենտը երեկ հրահանգել դուրս բերել իր դիվանագետների մի մասին Իրաքից, Բահրեյնից և Քուվեյթից , այսօր էլ՝ Երուսաղեմից։
Նախագահ Թրամփը բացահայտ էր ասել՝ տարածաշրջանը կարող է վտանգավոր գոտու վերածվել. - «Դա կարող է վտանգավոր վայր լինել, տեսնենք, թե ինչ կլինի։ Մենք նրանց տարհանելու մասին ծանուցում ենք տվել և տեսնել, թե ինչ կլինի»։ Սպիտակ տան ղեկավարը կրկին պնդել էր՝ Ամերիկան թույլ չի տա, որ Իրանը միջուկային զենք ունենա։
Այս հարցում մտավախություններն է՛լ ավելի խորացան, երբ Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունն այսօր՝ վերջին գրեթե 20 տարում առաջին անգամ, հայտարարեց, թե Իրանը խախտում է միջուկային զենքի չտարածման պարտավորությունը: Այս հաղորդագրությունից անմիջապես հետո Իսրայելը կոչ արեց միջազգային հանրությանը «վճռական արձագանք տալ», պնդելով, թե «Իրանի միջուկային ծրագիրն անմիջական սպառնալիք է տարածաշրջանային և միջազգային անվտանգության ու կայունության համար»։
Թեհրանը ոչ միայն չի ընդունում այս մեղադրանքները, այլև այսօր հայտարարեց, թե պատրաստվում է է՛լ ավելի ընդրաձակել միջուկային գործունեությունը. - «Իրանը հարստացման համար երրորդ անվտանգ վայրն է հիմա ստեղծում։ Ներկայումս մենք ունենք երկու հարստացման համալիր, և սա կլինի երրորդը, ինչը շատ կարևոր է»։
Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության ներկայացուցիչը չի մանրամասնել՝ որտեղ է լինելու երրորդ համալիրը, սակայն ավելի ուշ կազմակերպության ղեկավարն ընդգծել է, որ այն արդեն «կառուցված է, պատրաստ և տեղակայված անխոցելի վայրում»։ Նախագահ Մասուդ Փեզեշքիանն էլ զգուշացրել է՝ եթե Իրանի միջուկային օբյեկտները թիրախավորվեն, իսլամական հանրապետությունը նորերը կկառուցի դրանց փոխարեն։
«Այնպես չէ, որ եթե նրանք մեր օբյեկտները ռումբերով ոչնչացնեն, ամեն ինչ կկորչի. այդ կարողությունները գոյություն ունեն մեր գլխում, մեր ուղեղում, ուստի, ինչ էլ որ անեն, մենք կրկին կվերականգնենք», - հայտարարել է Փեզեշքիանը:
Իրանում, ըստ The New York Tmes-ի, բանակի ու կառավարության պաշտոնյաներն արդեն հանդիպել և մշակել են պլան, որը ենթադրում է Իսրայելին անհապաղ հակահարված հարյուրավոր բալիստիկ հրթիռներով։
Պատերազմական հնարավոր գործողությունների մասին հրապարակային այս հայտարարությունների ֆոնին Մերձավոր Արևելքի նավագնացությունը վերահսկող բրիտանական առևտրային գործակալությունը հորդորել է Պարսից ծոցով, Օմանի ծոցով և Հորմուզի նեղուցով անցնող տարանցիկ առևտրային նավերին ցուցաբերել առավելագույն զգուշություն։
Մինչ այդ հաղորդվել էր, որ Վաշինգտոնն ու Թեհրանն առաջիկա կիրակի՝ հունիսի 15-ին Մասկատում պետք է հերթական հանդիպումն անցկացնեն Օմանի միջնորդությամբ։ Այս պահի դրությամբ այդ հանդիպումը չեղարկելու մասին որևէ կողմ չի հայտարարել, սակայն թե՛ Իրանը, թե՛ Ամերիկան ամենաբարձր մակարդակով խոստովանել են, որ այդ բանակցություններում խորը տարաձայնություններ կան։