Ճամբարակի պայթյունից տուժածներից մեկի կյանքը չի հաջողվել փրկել. ԱՆ

Ճամբարակի պայթյունի հետևանքով Երևան տեղափոխված երեք տուժածներից մեկի կյանքը չի հաջողվել փրկել, «Ազատությանը» հայտնեց առողջապահության նախարարի մամուլի քարտուղար Մարիամ Ծատրյանը: Նրա տարիքը այս պահին չի հստակեցվում:

Երևանյան բժշկական հաստատությունում բուժվող տուժածներից մյուս երկուսի վիճակը գնահատվում է միջին ծանրության, նրանք բժիշկների վերահսկողության տակ են:

ԱՆ խոսնակի փոխանցմամբ՝ Ճամբարակի ԲԿ-ում բուժօգնություն ստացող 7 տուժածներից 3-ը առավոտյան դուրս են գրվել, 4-ը շարունակում են բուժօգնություն ստանալ: Նրանց վիճակը գնահատվում է բավարար:

Գեղարքունիքի մարզի Ճամբարակ բնակավայրի բնակելի շենքում հունիսի 11-ին տեղի ունեցած պայթյունի հետևանքով 5 մարդ զոհվել է, 11-ը՝ վիրավորվել:

Պայթյունի պատճառները դեռ հստակ չեն: Առավելապես տուժել են չորս հարկանի շենքի կողային հատվածի վերջին հարկերի բնակարանները:

Քննչական կոմիտեն քրեական վարույթ է նախաձեռնել՝ Քրեական օրենսգրքի 412-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի հատկանիշներով (անվտանգության պահանջներին չհամապատասխանող հումքերի կամ ապրանքների շրջանառությունը, աշխատանքների կատարումը կամ ծառայությունների մատուցումը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ, առողջությանը ծանր վնասի պատճառում կամ այլ ծանր հետևանք):

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ճամբարակի պայթյունի հետևանքով Երևան տեղափոխված 3 տուժածներից մեկի վիճակը ծայրահեղ ծանր է. ԱՆ
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ 5 զոհ, 11 տուժած Ճամբարակի պայթյունի հետևանքով